Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սոկ-Բեն (նստավայրը՝ Մոսկվա):
Արմեն Սարգսյանը, շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով՝ ասել է. «Թեպետ մենք աշխարհագրորեն հեռու ենք միմյանցից, սակայն այնքան բան կա, որ կարող ենք անել միասին: Մենք երկու հին ժողովուրդներ ենք, որոնք ունեցել են պատմական բարդ շրջաններ, սակայն երկուսս էլ ունենք վերապրողի որակներ»:
Նախագահ Սարգսյանը լիահույս է, որ Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնավարելու ժամանակահատվածը կլինի արդյունավետ ու կծառայի երկու երկրների միջև համագործակցությանն ու բարեկամությանը։
Դեսպան Լի Սոկ-Բեն իր հերթին Հայաստանի նախագահին փոխանցեց Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և նշել, որ իր համար մեծ պատիվ է այս հիանալի երկրում՝ Հայաստանում, ծառայել որպես Կորեայի Հանրապետության դեսպան և կանի առավելագույնը՝ սերտացնելու հարաբերությունները երկու երկրների միջև։
Զրուցակիցները համաձայնեցին, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել գիտության և տեխնոլոգիաների, մասնավորապես, մաթեմատիկայի և արհեստական բանականության բնագավառներում: Կարևորվել է երկու երկրների գործարար համայնքների միջև կապերի ու շփումների ակտիվացումը, միմյանց ավելի լավ ճանաչելն ու հնարավորություններին ծանոթանալը: