Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկնել է Թուրքիա, որտեղ նախատեսվում է հացահատիկի հարցով համաձայնագրի ստորագրում։ Այս մասին, ըստ «РИА Новости»-ի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք կարող ենք հաստատել, որ ստորագրումը նախատեսված է այսօր։ Բայց սպասենք։ Եկեք դեռ մեզնից առաջ չընկնենք»,- ասաց նա։
Ինչպես իր հերթին «РИА Новости»-ին հայտնել է բանակցություններին ծանոթ Ստամբուլի աղբյուրը, Թուրքիան ակնկալում է, որ հացահատիկի հարցով համաձայնագրի ստորագրումը կնպաստի ռուսական հացահատիկի դուրսբերմանը համաշխարհային շուկաներ։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի աշխատակազմում լրատվականին հայտնել էին, որ հացահատիկի խնդրի վերաբերյալ փաստաթուղթը կստորագրվի Ստամբուլում ուրբաթ՝ ժամը 16:30-ին, արարողությանը ներկա կլինեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Վերջին ամիսներին ՄԱԿ-ը բազմիցս հայտարարել է, որ պարենային ճգնաժամ կարող է առաջանալ աշխարհում հացահատիկի պակասի պատճառով։ Մոսկվան հերքում է Արևմուտքի մեղադրանքները համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարմանը խոչընդոտելու վերաբերյալ։
Այս առնչությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի միջամտում Ուկրաինայից հացահատիկի արտահանմանը, և հացահատիկով նավերը կկարողանան առանց որևէ խնդրի հեռանալ, եթե Կիևը մաքրի նավահանգիստները։
Ավելի վաղ Armenia Today-ը հաղորդել էր, որ այսօր Ստամբուլում հացահատիկային միջանցքի ստեղծման մասին համաձայնագիր է ստորագրվելու։