«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԳՇ պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում չքննվի: Հնարավոր է՝ դատավոր Մանվել Շահվերդյանի վարույթից գործի քննությունը տեղափոխվի Հակակոռուպցիոն դատարան, եւ քննությունը շարունակվի նոր դատարանում: Այս հարցը քննարկվում է դատական համակարգում, եւ տեղափոխման հարցն էլ առաջ է քաշվել Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններից հետո»։
«Իրավունք» թերթը գրում է. «Ես լավ եմ, գտնվում եմ հետվիրահատական պրոցեսի մեջ, շնորհակալ եմ անհանգստանալու համար, այլ հարցերի պատասխանելու համար դեռ ժամանակը չէ, շնորհակալ եմ»: Թերթի հետ զրույցում նման հակիրճ պատասխան տվեց ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը, ով աղմկահարույց ձայնագրությունից հետո ազատման դիմում էր գրել՝ այն պատճառաբանելով առողջական խնդիրների հետ կապված: Հիշեցնենք՝ շրջանառվող տեղեկություններով, պարոն Ջհանգիրյանը վիրահատվել է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստան արտերկրից ուղարկված փողերի ներհոսքը զգալի ավելացել է: Օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա մայիսին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 265 միլիոն 949 հազար դոլար: Նկատենք, որ, ապրիլ ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 106 միլիոն 766 հազար դոլարով: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ մայիսին տրանսֆերտները շարունակել են այս տարվա հունվար, փետրվար, մարտ, ապրիլ ամիսների համեմատ աճել: Բացի այս, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը մայիս ամսին կազմել է 238 մլն 735 հազար դոլար։ Այն, ապրիլ ամսվա համեմատ, 95 մլն 761 հազար դոլարով ավելացել է: Նշենք, որ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ նրանց կողմից ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: Ի դեպ, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքն է ավելացել. եթե այս տարվա ապրիլին այն կազմել է 33 մլն 17 հազար դոլար, ապա մայիսին դարձել է 37 մլն 43 հազար դոլար»:
«Իրավունք» թերթը գրում է. «Այն, որ այս օրերին հարաբերական լռություն են պահպանում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, բոլորովին էլ չի նշանակում, թե նրանք հետ են կանգնել իրենց պահանջներից: Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ավարտն ու նրան փոխարինելու եկող Աննա Վարդապետյանի պաշտոնի ստանձնումը հարթ չի անցի: Զոհվածների ծնողներն ու հարազատները, նրանց աջակիցները պատրաստվում են հուժկու ակցիաների, որի մեկնարկը կտրվի հենց գլխավոր դատախազության դիմաց, ինչի համար այս անգամ որոշել են ամենայն մանրամասնությամբ պատրաստվել»: