Կենտրոնական բանկի Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Չալաբյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին նա գրել է Facebook-ի էջում։
«Սիրելի ընկերներ, այսօրվանից ես այլևս չեմ աշխատում Կենտրոնական բանկում, որտեղ անցկացրել եմ բազում տարիներ, ստացել և տվել: Պատրաստվում եմ վայելել ազատությունը և գրավել աշխարհը՝ ինչպես սիրում է ասել իմ լավ գործընկերներից մեկը»,- գրել է նա։
Տեղեկացնենք, որ Արա Չալաբյանն «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի եղբայրն է։
Հիշեցնենք, որ Hetq.am-ում հրապարակում էր եղել, որ «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի եղբորը՝ Արա Չալաբյանին ԿԲ նախագահը հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել։
«ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասել է, որ աշխատանքից ազատման դիմում գրի: ԿԲ նախագահն ասել է, որ իրեն այդպես անել ստիպել են կառավարությունից, հակառակ դեպքում՝ ազատման դիմում կգրի ինքը՝ Մարտին Գալստյանը»,- հրապարակել էր Hetq.am-ը։
Հիշեցնենք նաև, որ ուսանողներին ընդդիմադիրների ցույցերին փողով տանելու փորձ անելու համար մեղադրվող Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել։