ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը դիմել է Ազգային անվտանգության ծառայությանը՝ պահանջելով վերանայել Հայաստանի իշխանությունների որոշումը՝ նրա մուտքը հանրապետություն արգելելու մասին: Այս մասին ասվում է Փափազյանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կուսակցության կայքում։
Փափազյանն ընդգծել է, որ իշխանությունների այս որոշումը իրավական լուրջ հիմք չունի։ Նա նշել է, որ հայտնի պատճառներով անցանկալի անձ ճանաչվելով Թուրքիայում և Ադրբեջանում, ինքն անհիմն պատճառներով «անցանկալի» տարր է ճանաչվել Հայաստանում:
Փափազյանը հիշեցրել է, որ հուլիսի 22-ին վարչապետի աշխատակազմը հայտարարել էր, որ արգելքի պատճառը եղել է 2021 թվականի հունիսի 1-ին Փարիզում Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիային իր մասնակցությունը, ինչպես նաև այդ ակցիայի կազմակերպումը: Փափազյանը նշել է, որ նշված ակցիայի անցկացումից հետո մինչև հուլիսի 13-ը ինքը 4 անգամ անարգել մուտք է գործել Հայաստան, ավելին, երկրի համապատասխան մարմինները Ֆրանսիայի իշխանություններին որևէ պահանջ չեն ներկայացրել ցույցի մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ: Ըստ Փափազյանի, խախտելով անմեղության կանխավարկածը և խոսքի ազատությունը, Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել արգելել իր մուտքը երկիր առանց որևէ դատական հիմնավորման:
«Իսկ իրականությունն այն է, որ ես չեմ մասնակցել այդ ցույցին և չեմ կազմակերպել այն։ Այլ տեսակետ ունենալը միակ սկզբունքն է, որը դրդել է Նիկոլ Փաշինյանին նման որոշման բռնապետական ռեժիմին հարիր դիրքորոշմամբ։ Ես մերժում եմ այդ որոշումը և պահանջում եմ Հայաստան վերադառնալու իմ իրավունքը։ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի և նրա ռեժիմի սեփականությունը չէ։ Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքն է, ուր կարող է մտնել յուրաքանչյուր հայ, նույնիսկ եթե նա իշխանության ընդդիմության մեջ է», – հայտարարել է Փափազյանը։
Նա տեղեկացրել է, որ որոշել է իրավաբանորեն վերականգնել իր իրավունքը, ինչի համար իր դատական պաշտպանությունը վստահել է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ որպես իր ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանին: Ըստ հայտարարության՝ հուլիսի 25-ին Արծվիկ Մինասյանն արդեն այդ կապակցությամբ նամակ է հղել ԱԱԾ՝ պահանջելով վերանայել այդ որոշումը։ «ԱԱԾ – ն իրավաբանորեն 5 օր ունի նամակին պատասխանելու համար, որի հիման վրա մենք որոշում կկայացնենք հետագա գործողությունների մասին», – ընդգծել է Փափազյանը:
Նրա խոսքով՝ երկու շաբաթվա ընթացքում ինքը հազարավոր հաղորդագրություններ է ստացել Հայաստանից և Սփյուռքից, տարբեր քաղաքական դիրքորոշումներով մարդկանցից, նրանք բոլորը բողոքում էին Փաշինյանի հակաժողովրդավարական որոշման դեմ: «Ես պայքարելու եմ բոլոր իրավական միջոցներով, որպեսզի վերականգնեմ Հայաստան վերադառնալու իմ իրավունքը», – ասել է Փափազյանը: