ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հրապարակել է 2023 ֆինանսական տարվա հատկացումների օրինագիծը, որն առաջարկում է 60 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախին՝ ականազերծման, ինչպես նաև տեղահանված հայերին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը՝ նշելով, որ դա վերահաստատելու է «Աջակցություն ակտի ազատության մասին» 907-րդ ուղղումը, որն արգելում է ԱՄՆ կառավարությանը աջակցել Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի հայտնել Կոնգրեսին, որ պաշտոնական Բաքուն արդյունավետ քայլեր է ձեռնարկում Հայաստանի ապաշրջափակման համար և ուժ չի կիրառում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ։
Նրանք պարզաբանել են, որ ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովի զեկույցը խորհուրդ է տալիս «մինչև 2 միլիոն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական գործողություններից տուժած տարածքներում հումանիտար ականազերծման և պայթուցիկ զինամթերքի ոչնչացման աշխատանքների համար՝ Հատկացումների հանձնաժողովի հետ նախնական խորհրդակցության դեպքում», ինչպես նաև «հումանիտար օգնություն»՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով» տեղահանված մարդկանց։
Ամերիկայի հայկական համագումարի զեկույցում նշվում է, որ անցյալ ամիս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագծի իր տարբերակը, որը նախատեսում է նշված օգնությունը հատկացնել Հայաստանին և Արցախին, ինչպես նաև պարունակում է 907-րդ ուղղման ձևակերպումը։
Ամերիկայի հայկական համագումարի՝ ԱՄՆ Կոնգրեսի հետ կապերի գծով տնօրեն Մարիամ Խալոյանն ընդգծում է Հայաստանին և Արցախին օգնություն հատկացնելու անհրաժեշտությունը։
«Հենց նոր վերադարձա Հայաստանից և Արցախից, և ԱՄՆ-ի շարունակական օգնությունն, ու ներգրավվածությունը մնում է կարևոր»,- ասում է նա: Խալոյանը հավելել է, որ վեհաժողովը շարունակելու է աշխատել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և ԱՄՆ Սենատի հետ «լավագույն արդյունքի հասնելու և հայ ժողովրդին օգնելու համար»։