«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երկու օրից ավարտվում է գազաբալոնների վկայագրման գործընթացի համար Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության սահմանած ժամկետը, ինչից հետո վկայագիր չունեցող ավտոմեքենաները գազալցակայաններում չեն սպասարկվի:
«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ վարորդներից շատերը պատրաստակամորեն մեքենան ճնշափորձակայան են հասցնում, բայց այնտեղ հրաժարվում են սպասարկել գործարանային բալոն ունեցող մեքենաները: ՏԿԵ նախարարությունից մեզ հայտնել էին, որ խնդրին ծանոթ են, ու ճնշափորձակայանների ներկայացուցիչներին մտադիր են մի սեղանի շուրջը հավաքել՝ հասկանալու համար՝ խնդրին ինչպես լուծում տալ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ վերոնշյալ հանդիպումն օրերս տեղի է ունեցել, ինչին ավելի քան 30 մարդ է մասնակցել: Նախարարության աշխատակիցների հետ բալոնների փորձաճնշակայանների ներկայացուցիչները ոչ միայն գործարանային բալոնները փորձաքննելու, այլ նաև վկայագրման գործընթացի հետ կապված այլևայլ հարցեր են քննարկել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է վարչական պատասխանատվություն սահմանել զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց կողմից կրելու դեպքում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կկատարվի, ըստ որի՝ զինծառայողների համար սահմանված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու դեպքում կնշանակվի տուգանք՝ 100 հազար դրամի չափով: Ի դեպ, նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ վարչական տույժ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200 հազար դրամի չափով:
Այսպիսով, օրենքը գուցե ընդունվի, իսկ ո՞վ կամ ովքե՞ր պետք է վերահսկեն այն: Օրինակ՝ փողոցում հանդիպած զինվորական հագուստով շուռնուխցուն ո՞վ, ի՞նչ խղճով պետք է տուգանի, եթե մարդը ապրում է մի գյուղում, որը կիսով չափ զավթված է ադրբեջանցիների կողմից»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ՝ ժամը 23:00-ի դրությամբ, դեռեւս իրավապահ համակարգը չէր գտել ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրիկին:
Այսօր արդեն երրորդ օրն է, ինչ իրավապահները փնտրում են նրան։ ArmLur.am-ը գրել էր, որ Քննչական կոմիտեն ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրիկի անհետացման դեպքով քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի՝ մեկ ուրիշին ապօրինաբար կյանքից զրկելու հատկանիշներով, ասել է թե՝ սպանության հատկանիշներով: Իրավապահ համակարգում տարբեր վարկածներ են առաջ քաշվում, եւ քննությանը չվնասելու համար առայժմ չենք հրապարակում դրանք»։