Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն Armenia Today-ի հետ զրույցում հերքեց մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե քննարկում են պատգամավորական մանդատներից հրաժարվելու հարցը։
Իշխան Սաղաթելյանի պնդմամբ՝ իրենք մանդատները վայր դնելու կամ մանդատներից հրաժարվելու որոշում չունեն։
«Այս մասին մենք պարբերաբար հայտարարել ենք։ Մեք ունենք ժողովրդի կողմից ստացած մանդատ՝ հատուկ օրակարգով և ուղերձով։ Այդ մանդատները շարունակում են սպասարկել և ծառայել մեր ընտրողների շահերին։ Այս պահին մանդատներից հրաժարվելու քաղաքական որոշում չունենք»,- պարզաբանեց Սաղաթելյանը։
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելուն՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորը վերահաստատեց հանրահավաքի ժամանակ հնչեցրած այն հայտարարությունը, թե Փաշինյանի պաշտոնանկության գործընթացը կնախաձեռնեն, երբ հաջողության հասնելու համար բավարար հիմքեր ունենան։
«Նիկոլ Փաշինյանի հեռացման համար կա երկու ճանապարհ՝ հրաժարական կամ պաշտոնանկություն, դրանցից որևէ մեկին հասնելու համար անհրաժեշտ է հանրային համաժողովրդական պահանջի գործնական դրսևորում, դա անելուց հետո, թե որ ճանապարհով կհեռացնենք, արդեն տեխիկական հարց է։ Շարժման որակական և քանակական մակարդակն է, որ, ի վերջո, կանխորոշելու է մեր պայքարի արդյունավետությունը»,- ընդգծել էր Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակման համաձայն՝ «Հայաստան» խմբակցությունում որոշել են դաշինքի բոլոր անդամներով հրաժարվել մանդատներից և ստորագրահավաք են սկսել։
Հավելենք նաև, այսօր լրանում է Նիկոլ Փաշինյանի վարչապետության մեկ տարին, իսկ խորհրդարանը վարչապետին անվստահություն հայտնելու լիազորություններ է ստանում։