Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի արտաքին գործերի, էկոնոմիկայի և տրանսպորտի նախարարությունների ղեկավարների առաջին եռակողմ հանդիպման արդյունքներով ստորագրված Տաշքենդի հռչակագիրը «կբարելավի թյուրքական աշխարհի բարեկեցությունը և կամրապնդի հարաբերությունները, կկատարվեն կոնկրետ նախագծեր` իրականացված այս մեխանիզմի շրջանակներում»։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նրա կարծիքով` Ուկրաինայի և Աֆղանստանի հակամարտությունները խարխլում են գոյություն ունեցող առևտրային ուղիները և ստիպում Անկարային փնտրել նոր տրանսպորտային միջանցքներ, առանց որոնց դժվար է ապահովել պարենային և տնտեսական անվտանգությունը։
Չավուշօղլուն նաև հույս է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հաջող ավարտի համար՝ նշելով, որ «Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացումը օգուտ կբերի այս տարածաշրջանի բոլոր երկրներին»։
Նա նաև ասել է, որ մինչև 2021 թվականի վերջը Թուրքիայի և Ադրբեջանի միջև փոխադարձ առևտրի ծավալը հասել է 5 միլիարդ դոլարի, իսկ Ուզբեկստանի հետ՝ 3,6 միլիարդ դոլարի։
«Սակայն երեք երկրների ղեկավարների առաջադրանքի համաձայն՝ Թուրքիան նախատեսում է բարձրացնել առևտրի մակարդակը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ուզբեկստանի հետ տարեկան մինչև 10 միլիարդ դոլար»,- ասել է նա։
Նշենք, որ Ուզբեկստանում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի արտաքին գործերի, առևտրի, տնտեսության և տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպումը, որից հետո ստորագրվել է Տաշքենդի հռչակագիրը։