Օգոսոսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Արարատ Միրզոյանն Անջեյ Կասպրչիկին է ներկայացրել վերջին օրերի ընթացքում տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը։
Նախարար Միրզոյանը դատապարտել է եռակողմ հայտարարությունների կամայական մեկնաբանության և իրավիճակի ապակայունացման ադրբեջանական փորձերը՝ ընդգծելով միջազգային հանրության՝ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների կողմից իրավիճակի հասցեական գնահատականների կարևորությունը։ Վերահաստատվել է հայկական կողմի կառուցողական դիրքորոշումը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը։
Հիշեցնենք, որ ԱՀ ՊՆ-ի տարածած տեղեկատվության համաձայն՝ այսօր ժամը 9։00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր: