«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ուշագրավ իրավիճակ՝ դատական համակարգում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախկին նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականից հետո որոշ դատավորներ, չի բացառվում, առաջիկայում ազատման դիմումներ ներկայացնեն:
Բանն այն է, որ շատ դատավորներ կորցրել են իրենց թիկունքը եւ այդ պայմաններում նախընտրում են պաշտոնից ազատման դիմում գրել: Առաջին հրաժարական տվողը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանն է լինելու, ու չի բացառվում՝ Վերաքննիչում այս մեկ հրաժարականը չլինի, եւ այլ դատավորներ եւս հրաժարականի դիմում ներկայացնեն:
Ի դեպ, դատավորների այս խառնաշփոթն ու անպաշտպան լինելու զգացողությունը սկսվեց այն բանից հետո, երբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ ընտրվեց Մխիթար Պապոյանը, այլ ոչ թե Գագիկ Ջհանգիրյանի նախընտրելի թեկնածու Սեւակ Համբարձումյանը»:
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ ԳՇ նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը չի ներկայանա 44-օրյա պատերազմը քննող քննիչ հանձնաժողով, եթե նրան հրավիրեն: «Ես նրանց ասելու բան չունեմ։ Ավելի լավ է գնամ դատվեմ, քան գնամ այդ հանձնաժողովի անձանց հարցերին պատասխանեմ: Էդ կոնտինգենտն անգամ դասակի հրամանատարի գործողությունները քննելու ի վիճակի չէ»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Տեղական խոզի միսը թանկացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոզի մսի գինը հուլիս ամսին, հունիսի համեմատ, բարձրացել է 3.7 տոկոսով: Այսօր խոզի մսի գինը հասնում է 4200 դրամի:
Մանագետների խոսքով՝ չի բացառվում, որ այն առաջիկայում է՛լ ավելի թանկանա: Մյուս կողմից՝ նշենք, որ ոչ միայն խոզի մսի գինն է բարձրացել, այլեւ խոզերի գլխաքանակի անկում է արձանագրվել: Թեեւ Հայաստանը խոզի միս ներկրում է, բայց, այնուամենայնիվ, արձանագրենք, որ ներկրվածը իրացման շուկայում չնչին ծավալներ ունի եւ չի լրացնում բացը: Միաժամանակ նկատենք, որ այս տարվա հինգ ամիսներին խոզի մսի արտադրության ծավալներն են բավականին պակասել (16.1 տոկոսով):
Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տավարի մսի գինն էլ է բարձրացել: Տավարի փափուկ մսի մեկ կիլոգրամի գինը գերազանցում է 4800 դրամը, մինչդեռ այն տարեսկզբին 4400 դրամ էր: մսի գնաճի պատճառներից մեկը անասնակերի խնդիրն է: Նախորդ տարի, եղանակային պայմաններից ելնելով, բավարար քանակությամբ անասնակեր չկուտակվեց, բացի դրանից, որոշ տարածքներ անցան թշնամու վերահսկողության տակ, այս պատճառով անասնապահությունը Հայաստանում դարձել է ոչ եկամտաբեր: Պատասխանատու կառույցը՝ Էկոնոմիկայի նախարարությունը, լուրջ եւ առարկայական քայլեր չի ձեռնարկում»: