Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի տարածքում իրավիճակի սրմամբ։ Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։
Մակրոնը կողմերին կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել էսկալացիայից խուսափելու և բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների հարգման կարևորությունը։ Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահը ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասում իրավիճակի զարգացմանը։
Ֆրանսիան սերտ կապի մեջ է մնում կողմերի և իր գործընկերների հետ՝ շարունակելով աջակցել ու իր նպաստը բերել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավոր զինծառայողների թիվը 19-ի է հասել, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր: Մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: