ԱՄՆ-ը կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը և կանխելու հետագա էսկալացիան Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ, դեսպան Մայքլ Քարփենթերը։
«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում ապրողների անվտանգության համար՝ կապված այդ տարածքում վերսկսված մարտերի մասին լուրերի հետ: Մենք չենք ցանկանում վերադարձ այն լայնածավալ ռազմական գործողություններին, որոնք տեսանք 2020 թվականին և կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրումը կանխելու համար»,- գրել է Քարփենթերը։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավոր զինծառայողների թիվը 19-ի է հասել, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր: Մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: