Բաքուն արձագանքել է ՄԱԿ-ի ամբիոնից Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը նշել է, որ Հայաստանի վարչապետը «խեղաթյուրված» է ներկայացրել Արցախյան հակամարտության քաղաքական, իրավական, պատմական ասպեկտները։ Այս մասին հայտնում է Թրենդը։
Հաջիևը նշել է, որ Հայաստանի իշխանությունները Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը խաթարել են դեռևս օգոստոսին՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ելույթ ունենալով, իսկ այժմ Փաշինյանը փորձում է ՄԱԿ-ի ամբիոնից ներկայանալ որպես «խաղաղասեր»՝ այս կերպ միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելով:
Հաջիևը նշել է, որ Արցախը ադրբեջանական հող է, Ադրբեջանի անբաժան մասն է։
Հաջիևը նշել է, որ դեռևս 1921թ. հուլիսի 5-ի Կոմունիստական կուսակցությունը որոշում է կայացրել Ղարաբաղն Ադրբեջանի կազմ մտցնելու վերաբերյալ, իսկ 1980-ական թթ․ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) նկատմամբ բացահայտ հավակնություններ էր առաջ քաշում, ակտիվորեն աջակցում էր բռնի գործողություններին և ագրեսիվ անջատողականությանը։
Հաջիևը կարծում է, որ այն ժամանակ, երբ Ադրբեջանը վերականգնեց իր անկախությունը, Լեռնային Ղարաբաղը միանշանակ համարվում էր ադրբեջանական տարածքների բաղկացուցիչ մաս։
«Արցախը միացնելու կամ անկախ ճանաչելու Հայաստանի հավակնությունները հակասում է միջազգային իրավունքի «uti possidetis» սկզբունքին և այդ առումով անհիմն են միջազգային իրավունքի շրջանակներում»,-ասել է Հաջիևը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով նաև Արցախյան հիմնախնդրին:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները մտադրություն չունեն լուծել այս հակամարտությունը: Փոխարենը, նրանք ցանկանում են հաղթել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Նրանք չեն ցանկանում գնալ որևէ փոխզիջման: Նրանց նպատակը վրեժխնդրությունն է 1990-ականներին և 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի անհաջող փորձի համար: Այդ իսկ պատճառով նրանք բորբոքում են հակահայկական տրամադրություններ իրենց ժողովրդի մեջ, այդ պատճառով նրանք հսկայական ռեսուրսներ են ծախսում սպառազինության վրա, իսկ հայատյացությունն արդեն դարձել է Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունը։