Չինաստանը հույս ունի, որ Ադրբեջանն ու Հայաստանը քաղաքական երկխոսության միջոցով կվերացնեն տարաձայնությունները, ինչպես նաև կհետևեն կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին: Այս մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբին։
«Մենք ուշադրություն ենք դարձրել համապատասխան հաղորդագրություններին։ Ադրբեջանն ու Հայաստանը Չինաստանի բարեկամական գործընկերներն են։ Մենք հուսով ենք, որ երկու կողմերն էլ կպահպանեն հրադադարի շուրջ կոնսենսուսը և կխուսափեն իրավիճակի հետագա սրումից, ինչպես նաև կկարողանան քաղաքական երկխոսության միջոցով վերացնել հակասություններն ու տարաձայնությունները», – հայտարարել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ինց սկսած Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան, ինչպես նաև Հայաստանի հետ կապող Բերձորի միջանցքի հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր։ Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավորում են ստացել 19 զինծառայողներ, մահացու հրազենային վիրավորում՝ 2 պայմանագրային զինծառայողներ։