Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում. Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը։
Նա հիշեցրել է, որ օգոստոսի 4-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ՝ կոչ անելով երկու երկրներին ցուցաբերել զսպվածություն և պահպանել հրադադարի ռեժիմը։
Նեչաև խոսքով՝ Ռուսաստանը վերահաստատում է բոլոր հարցերի կարգավորման անհրաժեշտությունը՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարությունների։
Ինչպես ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, բոլոր հարցերը պետք է լուծվեն այս հայտարարությունների հիման վրա, այդ թվում՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ հարցը։
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը նախատեսում է, որ կողմերի համաձայնեցմամբ՝ մոտակա երեք տարում պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման ծրագիրը, որին պետք է հաջորդի ռուսական խաղաղապահ առաքելության վերատեղակայումը՝ այդ երթուղին պաշտպանելու համար»,- հիշեցրել է Նեչաևը:
Ռուսական կողմը մշտական կապի մեջ է հայկական և ադրբեջանական կողմերի հետ ինչպես ամենաբարձր մակարդակով, այնպես էլ ՊՆ-ի, ԱԳՆ-ի և ռուսական այլ գերատեսչությունների միջոցով։
«Օգոստոսի 2-ին և 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նախարարներ Սերգեյ Լավրովը և Սերգեյ Շոյգուն շփումներ են ունեցել ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։ Վերոնշյալ բոլոր հարցերը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, խորհրդակցությունների առարկա են՝ ադրբեջանական ու հայկական կողմերին գոհացնող լուծումներ գտնելու նպատակով»,- ասել է Նեչաևը՝ չբացահայտելով քննարկվող պայմանավորվածությունների մանրամասները։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ինտենսիվ քաղաքական շփումներին զուգահեռ՝ ռուս խաղաղապահները շարունակում են կատարել իրենց ախատանքը՝ իրավիճակը կայունացնելու համար անհրաժեշտ ջանքեր գործադրելով։
«Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը բազմիցս նշել են ռուսական խաղաղապահների կարևոր դերը, նրանց հասցեին հնչող առանձին քննադատություններն անհիմն են»,- ընդգծել է Նեչաևը։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել էր, որ ԼՂ-ում վերջին իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում
խաղաղապահ օպերացիայի բովանդակային և էության հետ կապված հարցեր։
Արցախի ՊՆ-ն օգոստոսի 1-ին հայտնել է, որ ադրբեջանական զինուժը փորձել է խախտել շփման գիծը։ Արդյունքում՝ վիրավորվել է Արցախի պաշտպանության բանակի զինծառայող։ Ավելի ուշ ադրբեջանական ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը և ականանետերից և անօդաչու թռչող սարքերից կրակել ՊԲ դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով երկու զինծառայող զոհվել է, ևս 19-ը վիրավորվել։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի. 2022 թվականի օգոստոսի 3-ից հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք։ Դրանից հետո ՌԴ ՊՆ-ն հայտնել էր ադրբեջանական զինուժի կողմից տարածաշրջանում հրադադարի ռեժիմի կրկնակի խախտման մասին։