ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցում է Նյու-Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ առողջապահության մամուլի ծառայությունը։
Նստաշրջանի շրջանակներում կազմակերպվելու է նաև Համընդհանուր առողջապահական ծածկույթի խնդիրներին վերաբերող բարձրաստիճան գագաթնաժողով: Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է քաղաքական հռչակագրի ընդունում, որի նախագծի լրամշակմանը մասնակցել է նաև Հայաստանը` ի դեմս առողջապահության նախարարության:
Հայաստանը մեծ ջանքեր է ներդնում պարտադիր բժշկական ապահովագրության համակարգում հնարավորինս մեծ թվով բնակչություն ընդգրկելու և առողջապահության ոլորտում սոցիալական արդարության սկզբունքի հնարավորինս լայն կիրառման ուղղությամբ:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր հարթակը հնարավորություն կտա ներկայացնելու Հայաստանի առողջապահության քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև հնարավորություն կընձեռի բանակցություններ վարել տարբեր երկրներ և միջազգային կազմակերպություններ ներկայացնող գործընկերների հետ՝ ոլորտի զարգացման նպատակով։
Հանդիպման շրջանակներում կքննարկվի նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հետ կապված մի շարք հարցեր։