«Հրապարակ» օրաթերթը գրում է.«Ես բոլորին հրավիրում եմ Սյունիք, այստեղ անվտանգ է։ Այստեղ ամեն բան շատ ավելի լավ է, քան Հայաստանի մեկ այլ մարզում, որը հեռվից թվում է անվտանգ։ Ամեն բան կարգին է, մարդիկ կարող են գալ, բոլոր պայմանները ստեղծված են, մենք էլ հյուրասեր ժողովուրդ ենք, մեծ սիրով կընդունենք մեր հյուրերին»,-երեկ լրագրողների հետ զրույցում Գորիսից կոչ է արել համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Թերեւս պատճառը մեկն է՝ խթանել զբոսաշրջությունը։
Տեւական ժամանակ է մեզ լուրեր են հասնում, որ պատերազմից հետո բազմակի անգամ կրճատվել է Սյունիքի զբոսաշրջությունը, որի հետեւանքով հյուրատներ են փակվել, շատերն էլ ծանր կացության առաջ են կանգնած: Ադրբեջանին սահմանակից դարձած Սյունիքը ՀՀ քաղաքացիների եւ օտարերկրացիների համար այլեւս կորցրել է գրավչությունը, քանի որ մարդիկ անվտանգային խնդիրներով են մտահոգված: Անգամ Երեւանում եւ մյուս մարզերում բնակվող հայաստանցիները խուսափում են մեկնել Սյունիք։ Մինչդեռ պատերազմից առաջ Տաթեւն ու Գորիսը համարվում էին ամենագրավիչ զբոսաշրջային ուղղությունները եւ մեծ թվով հայաստանցիներ եւ արտերկրից ժամանող հյուրեր էին մեկնում այդ ուղղությամբ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Գլոբալ շիփփինգ» կամ, ինչպես հանրությանն է հայտնի, «Գլոբբինգ» ընկերությունով սկսել են զբաղվել պետական մարմինները. նրանց անբարեխիղճ աշխատանքը դժգոհություններ է հարուցել: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող 3 ընկերության նկատմամբ, որոնց թվում է «Գլոբբինգ»-ը: Ըստ հանձնաժողովի՝ հարուցվել է վարույթ՝ առերեւույթ հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով:
Պարզվում է՝ այս ընկերության կողմից իրականացված առաքումների ժամկետները գերազանցել են հայտարարված ժամկետները։ «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Այսպես, ՀՀ քաղաքացիներից մեկը (անունը չենք հրապարակում հարգելի պատճառներով), այս ընկերության գործելաոճի հետ կապված, ապրիլի 12-ին հաղորդում է ներկայացրել հանձնաժողով, ըստ որի՝ «Գլոբբինգ» -ի պաշտոնական կայքէջում հրապարակված է եղել գովազդ՝ «Ռուսաստանից Հայաստան՝ 5-10 աշխատանքային օր», այնուհետեւ նշվում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների հետեւանքով Ռուսաստանից վերգետնյա առաքման ժամկետները հնարավոր է տատանվեն մինչեւ 5 աշխատանքային օր:
Բողոքող քաղաքացու խոսքով՝ փաստացի երբեւէ նշված ժամկետները չեն պահպանվում, եւ դրանք հաճախորդներին մոլորեցնելու միջոց են: Բացի այս, հաղորդում ներկայացրած քաղաքացին հայտնել է, որ կայքում հրապարակված է եղել մեկ այլ՝ 2-4 աշխատանքային օրում ԱՄՆ-ից Հայաստան փոխադրում իրականացնելու վերաբերյալ գովազդ, սակայն իրականում այն կարող է տեւել 10-ից ավելի: Ընկերությունն այս դեպքում նույնպես որեւէ միջոցներ չի ձեռնարկում մոլորեցնող գովազդ չհրապարակելու ուղղությամբ: Թե ինչ կհայտնաբերվի հարուցված վարույթի արդյունքում, ցույց կտա ժամանակը, բայց նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ քաղաքացիները դժգոհում են «Գլոբբինգ»-ի խայտառակ գործելաոճից:
«Ժողովուրդ» օրաթերթը եւս մի շարք դժգոհություններ է ստացել «Գլոբբինգ» ընկերության, մեղմ ասած, անտարբեր գործելաոճի վերաբերյալ: Պատվիրել են որեւէ ապրանք, բայց ամիսներ շարունակ չեն տեղեկացվել, թե իրենց առաքանին որտեղ է կամ երբ է իրենց հասնելու»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քաղպայմանագրում կադրային բանկն այնքան սնանկ է դարձել է, որ երեկ Արարատի մարզի երկու խոշոր համայնքներում՝ Արարատում եւ Վեդիում ՔՊ տարածքային միասնական խորհուրդ են ձեւավորել եւ նախագահ ընտրել Նիկոլ Փաշինյանի կոկորդիլոսագետ սանիկ, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանին:
Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, այնքան է փոքրացրել վստահելիների շրջանակը, որ չի հանդուրժում քիչ, թե շատ ինքնուրույն մարդկանց։ Օրինակ, Արարատում կարող էր, դիցուք, Հովիկ Աղազարյանին, կամ մարզպետ Սեդրակ Թեւոնյանին պատասխանատու նշանակել, բայց վերջիններս վստահություն չեն ներշնչում: Մարզում բաց է միայն Մասիսի ՔՊ խորհրդի ղեկավարի հարցը, այստեղ էլ վստահելի թեկնածուի փնտրտուքները շարունակվում են: Արտաշատում, հիշեցնենք, ավելի վաղ գործող համայնքապետ Կառլեն Մկրտչյանն էր ընտրվել»։