Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր ցավակցությունն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքների կապակցությամբ։
«Խորապես ցնցված եմ Երևանի կենտրոնում գտնվող բացօթյա առևտրի կենտրոնում հզոր պայթյունի մասին լուրից։ Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել մահացածի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր նրանց, ովքեր տուժել են այս ողբերգությունից»,- գրել է Քըլըչը Twitter-ի միկրոբլոկում։ Գրառման պահին հաղորդվում էր մեկ զոհի մասին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյուն էր տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ։ Վերջին տվյալների համաձայն՝ միջադեպի հետևանքով զոհվել է 6 մարդ, տուժել է ավելի քան 60 քաղաքացի, 17 մարդ համարվում է անհետ կորած։ Պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։