Հրագործական արտադրանքի ազատ վաճառքը պետք է արգելվի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱՆԻՖ տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը։
Նա գրել է, որ դեռևս 2020թ. քննարկել են հրավառությունների կազմակերպման կարգի խստացման հարցը։ 2021թ. նախաձեռնությունը ստացել է կառավարության համաձայնությունը և ուղարկվել Ազգային ժողով։
«Հասկանալով հանդերձ գործարարների տնտեսական շահերը՝ կարծում եմ, որ, այնուամենայնիվ, հրագործական արտադրանքի ազատ վաճառքը պետք է արգելվի, ինչպես նախատեսված էր մեր առաջարկած կարգավորմամբ»,- գրել է Ավինյանը։
Նա հավելել է, որ նախագծով՝ հրավառությունները թույլատրվելու էին միայն պետական ու համայնքային միջոցառումների դեպքում, հրագործական արտադրանքի ազատ վաճառքն արգելվում էր։
«Դրանց ազատ կիրառումը ոչ միայն խախտում է հասարակական կյանքը, մարդկանց անդորրը, այլև հաճախ հանգեցնում ֆիզիկական վնասվածքների։ Նույնիսկ այս օրերին է շարունակվում դրանց օգտագործումը՝ հարուցելով մեր համաքաղաքացիների զայրույթը։ Համոզված եմ, որ հրավառությունների՝ ազատ կազմակերպման արգելքը պիտի սահմանվի, և հորդորում եմ ԱԺ-ի մեր գործընկերներին ձեռնամուխ լինել այդ նախաձեռնության կյանքի կոչմանը։ Ցավակցում եմ բոլոր զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,- գրել է նա։
Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյուն է որոտացել և խոշոր հրդեհ է բռնկվել։ Վերջին տվյալներով՝ կա 16 զոհ, 8 անհետ կորած։ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։