Ադրբեջանում Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպաններն անտեսել են Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին։
Նա նշել է, որ դա դիտվում է որպես անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ՝ հավելելով, որ ամերիկյան և ֆրանսիական կողմերի կարծիքով «հակամարտությունը դեռ ավարտված չէ»։
Հաջիևը նաև ընդգծել է, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, չեն նպաստել հակամարտության կարգավորմանը. «Նրանք վատնել են մեր ժամանակը, ամբողջ 30 տարի։ Չընդունելով հրավերը՝ նրանք հերթական անգամ անտեսեցին մեզ»։
Վերջին շրջանում Բաքուն հաճախ է դժգոհում արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում արևմտյան գործընկերների քաղաքականությունից։ Օրինակ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն զգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ չփորձեն «վերակենդանացնել» «գործնականում անգործունյա Մինսկի խումբը», քանի որ դա կհանգեցնի Վաշինգտոնի հեռանալուն ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի որոշումը՝ Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների ավագ խորհրդական նշանակելու մասին, «զարմանք է առաջացնում, քանի որ ցուցադրում է տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրականությունից հեռու մոտեցում»:
Օգոստոսի 25-ին Բլինկենը Ռիկերին նշանակել է Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական։ Ռիկերն այս պաշտոնում կծառայի իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ և գլխավոր բանակցող՝ Ժնևի միջազգային քննարկումներում ԱՄՆ պատվիրակության համար, նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ Պետքարտուղարությունից հայտնել են, որ Ռիկերն իր նոր պաշտոնում և միջնորդությամբ համախոհ-գործընկերների, ինչպիսին, օրինակ, ԵՄ-ն է, կնպաստի Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը: