Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ:
«Կարևոր է շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում առաջընթացի հասնելու համար, ինչպես նաև հումանիտար և հաղորդակցության ոլորտներում։ ԵՄ – ն լիարժեքորեն ներգրավված է այդ գործընթացում՝ հանուն խաղաղ, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասի», – գրել է Բորելը Twitter-ի իր միկրոբլոգում։
Ավելի վաղ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով հայտարարել էր, որ կողմերը պայմանավորվել են ակտիվացնել խաղաղ համաձայնագրի ուղղությամբ առարկայական աշխատանքը: Հանդիպմանը երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է մեկ ամսվա ընթացքում հանդիպում անցկացնել՝ խաղաղ պայմանագրի տեքստի նախագիծը քննարկելու համար։