Դոնալդ Թրամփը մանրամասներ է հայտնել նախօրեին G7-ի շրջանակներում տեղի ունեցած քննարկումից՝ G7 Ռուսաստանի վերադարձի առնչությամբ։ ԱՄՆ նախագահը, սակայն, հայտնել է, որ հարցի վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել և քննարկումները դեռ շարունակվում են։
Նա նաև հավելել է, որ Մեծ յոթնյակի երկրների շրջանակում կան առաջարկին կողմ արտահայտվողներ՝ չմանրամասնելով, թե որ երկրների մասին է խոսքը։
«Որոշ մարդիկ (G7 – ի երկրների առաջնորդները) այս հարցում համաձայնվել են ինձ հետ, այդ հարցը դեռ քննարկվում է»,- նշել է Դոնալդ Թրամփը։
Թրամփի կարծիքով՝ նման փոփոխությունները դրական նշանակություն կունենան։
Նշենք, որ Մեծ 7-նյակն իրենից ներկայացնում է (G7) աշխարհի կտրվածքով զարգացած տնտեսությամբ 7 երկրների միջազգային ոչ ֆորմալ քննարկումների հարթակ, որի կազմի մեջ մտնում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ճապոնիան:
Նշենք նաև, որ մինչ 2014 թ-ի մարտին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների և Արևմուտքի հետ հարաբերությունների լարումը Ռուսաստանը նույնպես կազմում էր միջազգային այս մարմնի մասը, որը գործում էր G8 ֆորմատով։