Հայաստանը Ռուսաստանի միջնորդությամբ ինտենսիվ բանակցություններ է վարում Թուրքիայի հետ, Երևանը հույս ունի կարգավորել այդ հարաբերությունները, ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի (ԱՏՀ) լիագումար նիստում։
Նա ընդգծել է, որ Հայաստանը բանակցում է նաեւ Ադրբեջանի հետ՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար։ Հայաստանը նաև Ռուսաստանի աջակցության հույս ունի այստեղ՝ ոչ միայն որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, այլ նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, նշել է Փաշինյանը։
Փաշինյանն շեշտել է, որ հարաբերությունների կարգավորումը նոր հնարավորություններ կբացի հարավկովկասյան տարածաշրջանի տնտեսական զարգացման համար։ Մասնավորապես, եթե Բաքվի հետ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, Հայաստանը տրանսպորտային երթուղիներ կստանա Ադրբեջանի տարածքով, իսկ Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքով։ Համաշխարհային առումով սրանք նոր հնարավորություններ են միջազգային առևտրային ուղիների համար, և Հայաստանը շատ շահագրգռված է այդ պայմանավորվածությունների իրագործմամբ, վստահ է ՀՀ կառավարության ղեկավարը։
Նա որոշակի առաջընթաց է նկատել տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովի աշխատանքում։ Միևնույն ժամանակ, առջևում դեռ բարդ աշխատանք է սպասվում իրավական հարցերի, այն է՝ երթուղիների շահագործման կանոնների շուրջ։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ բացվող երթուղիները պետք է գործեն այն երկրների լիակատար ինքնիշխանության և իրավասության ներքո, որտեղով անցնում են, ընդգծեց Փաշինյանը։
Այս գլոբալ նախագծի իրականացումը, որը Երևանն անվանում է «Հայկական խաչմերուկ», շատ կարևոր է ոչ միայն տարածաշրջանի պետությունների, այլ նաև Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Հեռավոր Արևելքի երկրների համար, եզրափակեց Հայաստանի վարչապետը։