«Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական գործունեության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։
Հայտարարությունում ասվում է՝ խորհրդարանական մեկամյա գործունեության փորձը ցույց է տվել, որ գործադիր իշխանությունը և իր կցորդ խորհրդարանական մեծամասնությունը, խախտելով Սահմանադրությունն ու օրենքները՝ տապալում են Ազգային ժողովի բնականոն աշխատանքը:
Նշվում է, որ անվտանգության լրջագույն սպառնալիքներն անտեսելով՝ գործող իշխանություններն Ազգային ժողովին պարտադրում են Հայաստանին և Արցախին պատուհասած անմիջական վտանգներին անհաղորդ օրակարգեր:
Ըստ խմբակցության հայտարարության, ՔՊ-ի կողմից ԱԺ կանոնակարգի կոպտագույն խախտումները, նիստերի վարման միջազգային ստանդարտների անտեսումը, և մեծամասնության լիազորությունների ակնհայտ չարաշահումները ապալեգիտիմացնում են խորհրդարանի՝ որպես առաջնային մանդատ ունեցող ներկայացուցչական մարմնի գործունեությունը:
«Շարունակելու ենք կիրառել միջազգային պրակտիկայում ընդունված քաղաքական բոյկոտի գործիքը, այն է՝ չենք մասնակցելու ոչ առաջնային, հաճախ էլ արհեստական օրակարգերով լեցուն ԱԺ և նրա հանձնաժողովների նիստերին։ Խորհրդարանական նիստերին մեր մասնակցությունը պայմանավորված է հանրային աջակցություն ստացած օրակարգերի առաջմղմամբ, այն է՝ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, օրվա իշխանությունների պաշտոնանկությունը, երկրի հզորացման ազգային-պետական ուղեգծի հաստատումը»,- հայտնում է խմբակցությունը։
Ի հավելումն նշվածի, ասվում է, որ ժողովրդի կողմից ստացած մանդատը խմբակցությունն օգտագործելու է հանրային իրական հետաքրքրություն ու հնչեղություն ունեցող թեմաներով լսումների կազմակերպման, գործող իշխանությունների ապազգային, հակապետական նախաձեռնությունները, նրանց կողմից երկրի սոցիալ–տնտեսական խնդիրները լուծելու անկարողությունը, կոռուպցիոն երևույթները, դատաիրավական համակարգի ամենաթողությունը, մարդու իրավունքների և ժողովրդավարության խախտումները բացահայտելու և դրանց դեմ պայքարի ուղղությամբ:
Նշվում է, որ խմբակցությունն իր ներկայացուցիչների միջոցով շարունակելու է ակտիվ շփումներն ու աշխատանքներն արտերկրի գործընկերների ու Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, ինչպես նաև դրանց օգտակարությունը և արդյունավետությունը գնահատելով՝ մասնակցելու է միջազգային հանդիպումներին երկրի շահերը պաշտպանելու, հայ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունները բարձրաձայնելու և դատապարտելու համար։ Ըստ անհրաժեշտության կիրառվելու են նաև պետական ու հանրային օրակարգերը սպասարկող խորհրդարանական այլ գործիքներ:
Խմբակցությունն ընդգծում է, որ շարունակելու է ակտիվ գործունեություն իրականացնել ԱԺ-ից դուրս՝ երկրին սպառնացող վտանգների մասին հանրային լայն շրջանակներին իրազեկելու, քաղաքական գործընթացներում ուղղակի մասնակցություն ապահովելու, «Դիմադրության» շարժմանը նոր թափ հաղորդելու, ներքին ու արտաքին անվտանգային քաղաքական խնդիրները լուծելու նպատակով։