Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8-ին աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։
Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետը օգոստոսի 9-ի առավոտյան Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ղրղզստանի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետին և նշել․
«Ոչ միայն ես այլև բոլոր ղրղզստանցիներն են ճանաչում Ձեզ, ծանոթ են Ձեր քաղաքական գործունեությանը։ Ձեր անձնական մասնակցությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի այսօրվա նիստին կնպաստի եվրասիական տարածքում համագործակցության զարգացմանը: Շատ ուրախ եմ, որ եկել եք։ Շնորհակալ ենք»։
Շնորհակալություն հայտնելով Ղրղզստանի նախագահին ջերմ ընդունելության համար՝ ՀՀ վարչապետը նշել է, որ երկու երկների միջև քննարկվող հարցերի շրջանակը վերաբերում է և՛ եվրասիական տարածքում երկու երկրների հարաբերություններին, և՛ երկկողմ հարաբերություններին։
Նիկլոլ Փաշիյանի խոսքով այս տարվա վիճակագրության համաձայն երկու երկների միջև առևտրաշրջանառության ոլորտում աճ է նկատվում։ ՀՀ վարչապետը նշել է, որ առևտրի երկու երկրների մասնաբաժինը դեռ շատ քիչ է, բայց ողջ ներուժի կիրառման պարագայում առևտրաշրջանառության ծավալները շեշտակիորեն կավելանան՝ հավելելով, որ Եվրասիական տնտեսական միության տված հնարավորությունները կարելի է փաթեթավորել, լիարժեք օգտագործել։
Զրուցակիցները գոհունակությամբ փաստել են, որ երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և վերահաստատել պատրաստակամությունը՝ զարգացնելու Հայաստանի և Ղրղզստանի միջև համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով։
ՀՀ վարչապետը և Ղրղզստանի նախագահը քննարկել են քաղաքական երկխոսության ամրապնդմանը, երկկողմ առևտրատնտեսական գործակցության խորացմանը, առևտրաշրջանառության ծավալի ավելացմանը վերաբերող հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև այս տարի հոկտեմբերին Երևանում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի վերաբերյալ հարցերին։
Նիկոլ Փաշինյանն ու Ղրղզստանի նախագահը մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նաև այլ հարցերի շուրջ։ Այս համատեքստում Սոորոնբայ Ժեենբեկովը խոսել է Ղրղզստանի ներքաղաքական զարգացումների մասին։