Ընդդիմության՝ մանդատներից զրկվելու հարցը կարող է քննարկվել նստաշրջանի ավարտից հետո: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա ասաց, որ անլուրջ է գնահատում ընդդիմության քայլը՝ կրկին չներկայանալ ԱԺ նստաշրջանին ու առանձին քննարկում կազմակերպել՝ խորհրդարանից դուրս:
«Թող մի հատ էլ այլընտրանքային պետություն ստեղծեն»,- հեգնեց Սիմոնյանը:
Նա շեշտեց, որ այս քայլով ընդդիմադիրները չեն կարող վնասել իրենց աշխատանքներին, քանի որ սա ամենաբարձր լեգիտիմություն ունեցեղ ԱԺ-ն է, իսկ նրանք՝ «ամենացածր լեգիտիմություն ունեցող ընդդիմությունն են»:
Սիմոնյանն անդրադարձավ բացակայող պատգամավորների աշխատավարձերին:
«Ինչու են իրենք և իրենց օգնականներն աշխատավարձ ստանում, սենյակներ զբաղեցնում»,- ասաց նա՝ նշելով, որ եթե նրանք քաղաքականության մեջ են, ապա պետք է լինեն այս դահլիճում (ԱԺ դահլիճ), իսկ եթե այս դահլիճում չի, ապա քաղաքականության մեջ չես: