ԱԺ Հայտարարության տեքստը չի արտացոլում այն իրավիճակը, որը կա և մենք այդ տեքստի հետ ունենք մեր դիտարկումները, գնահատակնները, որը պետք է ներառվեր հայտարարության մեջ: Մենք ներկայացրել ենք դրանք, բայց իշխող, այսպես կոչված, քաղաքական ուժի կողմից մեր ներկայացրած պահանջները, առաջարկությունները մերժվել են:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ այս պայմաններում երեսպաշտություն է խոսել միասնականությունից:
«Իրենք պետականության քանդողներն են: Վիճակն օրհասական է, բոլոր ազդեցիկ դեմքերը, այդ թվում՝ նախկին բոլոր նախագահներն առաջիկայում պետք է մեկ սեղանի շուրջ հավաքվեն: Այս մարդիկ իվիճակի չեն, նրանք ադեկվատ չեն երկիրը ղեկավարելու համար»-ասաց նա՝ նկատի ունենալով ներկայիս իշխանություններին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Մանրամասները՝ տեսանյութում: