ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ կողմերին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:
«Բոլոր ուժերը պետք է վերադառնան դիրքեր, որոնք զբաղեցնում էին մինչև այս էսկալացիան, և պետք է լիովին պահպանել հրադադարի ռեժիմը» -,-ասված է Բորելի հայտարարության մեջ:
Նրա խոսքով ՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը կապի մեջ է երկու երկրների ղեկավարների հետ: Բորելը նշել է, որ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անմիջապես կմեկնի երկու երկրներ՝ անհրաժեշտ ապաԷսկալացմանը ու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև բրյուսելյան երկխոսության գործընթացում հետագա քայլերը քննարկելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: