Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սանձազերծել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ հրետանու, ԱԹՍ-ների և խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ՝ գնդակոծելով հայկական դիրքերը, խաղաղ բնակավայրերը ու ենթակառուցվածքները, ինչի հետևանքով հայկական կողմն ունի տասնյակ զոհեր և վիրավորներ, հասցվել է զգալի վնաս շինություններին և կառույցներին: Այս մասին ասված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարության մեջ:
«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում մեր զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին, մաղթում ուժ ու կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Դիմում եմ Հայաստանի միջազգային գործընկերներին՝ դատապարտել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություններն ու սադրանքները, կոչ անելով միջազգային իրավունքի նորմերին համաձայն հարկադրել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքի և բռնության սանձազերծման գործելաոճից:
Ակնկալում եմ, որ ՀԱՊԿ մեր գործընկերները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ համապատասխան կառույցները ու միջազգային հանրությունը միասնական՝ համարժեք և հասցեական գնահատականներ կհնչեցնեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի հիմնարար՝ տարածքային ամբողջականության սկզբունքի կոպտագույն խախտման, խաղաղության օրակարգի խաթարմանն ուղղված ագրեսիայի վերաբերյալ:
Հորդորում եմ մեր քաղաքացիներին, Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, կուսակցություններին և հասարակական կառույցներին գիտակցելով պահի լրջությունն ու հրամայականը, մի կողմ թողնել քաղաքական տարաձայնություններն ու հակասություններն ու միահամուռ կերպով, անվերապահորեն նեցուկ կանգնել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերին ու հանրային միասնությանը:
Մեր հայրենիքը համախմբման ու պաշտպանության կարիք ունի և ստեղծված իրավիճակում մեզ բոլորիս պետք է միավորի մեր երկրի պաշտպանության, սահմանների անխաթարելիության, ինքնիշխանության և անվտանգության ապահովման նվիրական գործը»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: