Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 15-16-ը ՇՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի: Նա հանդիպում կունենա մի շարք երկրների առաջնորդների հետ, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ շեշտելով, որ այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Նա հայտնել է, որ հանդիպումէ լինելու նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Ուշակովի խոսքով՝ ԻՀՀ նախագահի հետ Պուտինը կքննարկի նաև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը:
Նշենք, որ Ալիևի հետ հանդիպման օրակարգի մասին տեղեկություն չկա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: