Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել վիճելի հարցերը լուծել բանակցությունների միջոցով և խուսափել հետագա սրացումներից։ Այս մեկնաբանությամբ նա հանդես է եկել Բեռլինում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մամլո համատեղ ասուլիսի ժամանակ։ Փոխանցում է Անադոլու գործակալությունը։
«Մարտական բախումները ոչինչ չեն լուծում. Այս փոխհրաձգությունները հանգեցնում են զոհերի։ Խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»,- ասել է Շոլցը։
Կանցլերը նաև նշել է, որ աջակցում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացին։
Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին, իր հերթին, հայտարարել է, որ իրենք մտահոգված են Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակի սրմամբ։ Նա ընդգծել է, որ երկու երկրների սահմանին տեղի ունեցածն անընդունելի է, և իրենք մտահոգությամբ են հետևում իրադարձությունների զարգացմանը
«Հուսով եմ՝ երկու երկրներն էլ արագ կմտնեն երկխոսության մեջ և կդադարեցնեն ռազմական գործողությունները»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: