Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։ Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է Սուրեն Պապիկյանը։
«Քոլին Քահլին եմ ներկայացրել ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը՝ դրա հանգուցալուծման հարցում ընդգծելով միջազգային հանրության հասցեական գնահատականների անհրաժեշտությունը: Շնորհակալություն եմ հայտնել Քոլին Քահլին՝ իրավիճակին արագ արձագանքելու համար: Քոլին Քահլը, իր հերթին, կարևորել է հրադադարի պահպանումը, շեշտել բանակցային սեղանին վերադառնալու և առկա բոլոր տարաձայնությունները բացառապես դիվանագիտական գործիքակազմով լուծելու անհրաժեշտությունը: Քոլին Քահլը հայտնել է ԱՄՆ դիրքորոշումն առ այն, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը սակարկման առարկա չպետք է լինեն»,-հայտնել է Պապիկյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է ՀՀ կողմից հաստատված 105 զոհի մասին: