Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրոպական քաղաքական հանրության նիստի շրջանակներում կարող է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։
«Հայկական կողմն ավելի վաղ հայտնել էր առաջիկա հարթակում հնարավոր հանդիպման մասին։ Չի բացառվում՝ այնտեղ հնարավորություն ունենանք քննարկել այդ բոլոր հարցերը»,-ասել է նա։
Էրդողանը հայտարարել Է, որ, իր խոսքերով, Թուրքիան «Կովկասի վերաբերյալ նախաձեռնություններ ունի», որոնք դեռ պետք է քննարկի «եղբայր Ալիևի» հետ։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Երևան կատարած այցին։
Նա նշել է, որ Փելոսին Հարավային Կովկասում գործընթացների վրա ազդելու ոչ մի լծակ չունի․ «Վստահ եմ, որ նրա այցը շատ տեղերում անհանգստություն է առաջացրել։ Ավելորդ է թեման թեժացնել։ Մենք այսօր շարունակում ենք որոշակի նախապատրաստական աշխատանանքերը և շուտով համապատասխան քայլեր կձեռնարկենք։ Այս պահին քննարկում ենք Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության նիստին մասնակցելու հարցը։ Եթե մենք Չեխիա մեկնելու որոշում կայացնենք, ապա, ենթադրաբար, այնտեղ կլինի նաև Փաշինյանը»,-ասել է նա՝ չբացառելով Փաշինյանի հետ հանդիպումը Պրահայում։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ հուլիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը շնորհավորել էր Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
Ղեկավարներն ընդգծել էին իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։
Հիշեցնենք նաև, որ նախորդ շաբաթ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել էր Հայաստան։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան համատեղ մամուլի ասուլիս էր ունեցել ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ։ ԱԺ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել էր. «Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի, և մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի մահացու հարվածները, հարձակումները ՀՀ տարածքի նկատմամբ»։ Փելոսիի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Կառավարություն, ՊՆ, ինչպես նաև Ծիծեռնակաբերդ։