Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, և տարածաշրջանի անվտանգային կազմակերպությունների ոչ պատշաճ արձագանքը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրացման։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին։
Նա ընգծեց, որ Հայաստանի վրա Ադրբեջանի կողմից նոր հարձակման հավանականությունը մեծ է:
«Իրավիճակի հետագա սրացումը կարող է հետևանք լինել տարածաշրջանի անվտանգային կազմակերպությունների ոչ պատշաճ արձագանքների, որոնք շատ լուրջ հարցեր են առաջացրել հայ հանրության շրջանում»,- ասաց ՀՀ վարչապետը։
Ըստ Փաշինյանի, Ադրբեջանը շահարկում է տարածաշրջանի հաղորդակցությունների բացման և սահմանազատման թեմաները՝ Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնելու համար։
Ադրբեջանը, նշեց նա, փորձում է ներկայանալ որպես երկիր, որը ձգտում է խաղաղության հասնել տարածաշրջանում, խաղաղության հասնել Հայաստանի հետ։
«Ադրբեջանն ակտիվորեն հայտարարում է, որ ամբողջ հարավը, արևելքը և նույնիսկ Հայաստանի մայրաքաղաք Երևանն ադրբեջանական հողեր են»,- շեշտեց վարչապետը:
Նա հավելեց, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի զգալի տարածքների բռնազավթումը։ Փաշինյանը հարց ուղղեց Ալիևին՝ խնդրելով ցույց տալ այն քարտեզը կամ քարտեզները, որոնցով Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետությունը:
Նա բացատրեց, որ նման հարց է տալիս, քանի որ «կարող է պարզվել, որ Ադրբեջանի տեսանկյունից՝ Հայաստանի միայն կեսը կամ ավելի քիչ մասն է Հայաստան»։
Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որի միջազգայնորեն ճանաչված տարածքները կազմում են 29800 քառ. կմ, ապա սա, ըստ Փաշինյանի, կնշանակի, որ «կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել երկու պետություններից յուրաքանչյուրի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման միջոցով»։
Հակառակ դեպքում, ընդգծեց ՀՀ վարչապետը, խաղաղության պայմանագիրը կլինի ուրվականի նման, և համաձայնագրի կնքումից հետո Ադրբեջանը կօգտագործի սահմանազատումը՝ նոր տարածքային պահանջներ ներկայացնելու և օկուպացիոն գործողություններ կատարելու համար։
Փաշինյանն ասաց, որ նախորդ տարվանից երկու պետությունների սահմանների սահմանազատման հանձնաժողովի ստեղծումից ի վեր Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 40 քառակուսի կիլոմետր տարածք։
«Մեր նպատակը տարածաշրջանային հարատև խաղաղությունն ու անվտանգությունն է։ Անհերքելի է, որ ելնելով տարածաշրջանային անվտանգության շահերից և միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան՝ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից»,- ասաց Փաշինյանը։
Նա միջազգային կառույցներին կոչ արեց դիտորդական առաքելություններ ուղարկել երկու երկրների սահման։ Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի իշխանությունները սկզբունքային են համարում միջազգային հանրության լիարժեք ներգրավվածությունը։
«Միջազգային դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանի հարակից տարածքներում կդառնա տարածաշրջանային կայունության ամրապնդման կարևոր գործոն»,- եզրափակեց ՀՀ վարչապետը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: