Գարեգին Երկրորդի հանդիպումը Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հետ անցել է բավական համերաշխ մթնոլորտում, նախագահներից և ոչ մեկն առանձնակի հավակնություններ չի ցուցաբերել, պարզապես պայմանավորվել են կանխել տեղեկատվության արտահոսքը, գրում է «Հրապարակը»՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Մեզ հաջողվեց պարզել միայն, որ քննարկման արդյունքում մասնակիցները եկել են եզրահանգման, որ ունեն ինֆորմացիայի որոշակի պակաս՝ կապված ստեղծված իրավիճակի և Նիկոլ Փաշինյանի հետագա քայլերի հետ, ուստի որոշել են չշտապել»,- գրում է թերթը։
Հրատարակության համաձայն՝ նախկին նախագահները պայմանավորվել են առաջիկա օրերին հնարավոր խողովակներով տեղեկատվություն հավաքել արտաքին քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։
Դրանից հետո նույն ձևաչափով նոր հանդիպում կկայանա՝ կոնկրետ որոշումներ կայացնելու համար, որին կհաջորդեն հստակ ու հասցեական հայտարարություններ, գրում է թերթը։