Հայաստանը խախտել է իր և միջազգային օրենքները՝ Թուրքիային փոխանցելով Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) երկու անդամների։ Այս մասին ասվում է Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերի (HPG) մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Ինչպես հաղորդում է քրդական ANF գործակալությունը, հայտարարության մեջ Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերը հայտնել են, որ Աթիլլա Չիչեքը և Հուսեյն Յըլդըրըմը Հայաստանից արտահանձնվել են Թուրքիա:
HPG-ն իր հայտարարության մեջ չի նշում նրանց ազգանունները՝ փոխարենն օգտագործում է նրանց «Լեհեն» և «Ալիշեր» կեղծանունները։ Նշվում է, որ վերջիններս «Հայաստանի հետ սահմանի շրջանում բախվել են հայկական պետության ուժերի հետ 2021 թվականի օգոստոսին, բացասական իրավիճակը կանխելու համար կշռադատված են գործել, սակայն նրանք ձերբակալվել են, կալանավորվել և նրանց մեղադրանքներ են առաջադրվել»:
«Մեր ընկերները 2022թ. փետրվարի 23-ին կանգնել են Հայաստանի Վերաքննիչ դատարանի առջև, որը որոշում է կայացրել ազատ արձակել նրանց։ Միջազգային և հայկական օրենսդրության համաձայն՝ նրանք պետք է ազատ արձակվեին։ Փոխարենը նրանք առևանգվել և ձերբակալվել են Հայաստանի գաղտնի ծառայության կողմից։ Չնայած խոստացել էին նրանց ազատ արձակել նշված միջոցառումների ընդունումից հետո, սակայն նրանց Հայաստանից Թուրքիա են արտահանձնվել մոտ մեկ ամիս առաջ»,-ասվում է հայտարարության մեջ։
HPG-ն կոշտ որակում է տվել Հայաստանի որոշմանը:
«Ցեղասպանության ձգտող Թուրքիային քուրդ հեղափոխականների այսկերպ փոխանցումը խայտառակություն է Հայաստանի համար: Այդ քուրդ հեղափոխականները պայքարում են իրենց ժողովրդի գոյության և ազատության համար ու ցավում բոլոր ճնշված ժողովուրդների համար»-հայտարարել է HPG-ն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) երկու անդամներ հանձնվել են Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությանը (MIT):
Նշենք, որ ըստ դատական տեղեկատվության համակարգում՝ datalex.am հրապարակված տեղեկատվության, նրանց մեղադրանք է առաջադրվել 2021թ. օգոստոսի 16-ին Արաքս գետով ՀՀ սահմանն ապօրինի հատելու և զենքի ու զինամթերքի մաքսանենգության համար:
Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը 2022թ. հունվարին Հուսեյն Յըլդըրըմին և Աթիլ Չիչեքին դատապարտել է 7 տարվա ազատազրկման, եղել է նաև դրամական միջոցները բռնագանձելու որոշում: Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը կրճատել է ՔԱԿ երկու անդամների ազատազրկման ժամկետները՝ պայմանական ազատազրկում՝ 3 տարի փորձաշրջանով: