Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Արտգործնախարարները քննարկել են ավանդական բարեկամական կապերի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են Սիրիայի հայկական համայնքի դերը Հայաստանի և Սիրիայի միջև հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ չնայած սիրիական ճգնաժամի ընթացքում կրած դժվարություններին, այն շարունակում է յուրահատուկ կամուրջի դեր խաղալ երկու երկրների միջև:
Արարատ Միրզոյանը և Ֆեյսալ Ալ-Միկդադն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի՝ շեշտելով խնդիրները խաղաղ բանակցությունների ու երկխոսության միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ կարևորելով միջազգային հանրության կողմից գործուն քայլերի և համապատասխան մեխանիզմների միջոցով ագրեսորին զսպելու, ինչպես նաև տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն հաստատելու կարևորությունը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: