Մենք անհամբեր սպասում էինք նրանց (պետական այրերին-խմբ.) և պատրաստ էինք ավելիին, քանի որ մի քանի պատգամավոր ասել էին՝ գնանք տեսնենք ով է մեր դեմ կանգնում: Այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:
Նա նշեց, որ այն, ինչ կատարվեց սեպտեմբերի 21-ին անընդունելի է, երբ մի քանի անգամ զգուշացվել էր, որ չգան Եռաբլուր, սակայն եկան, իսկ իրենց բերման ենթարկեցին բռնի ուժով: Ընդ որում՝ տղամարդկանց ավելի մեղմ էին վերաբերվում, քան կանանց: Ինչպես լրագրողներին ասաց Ռոստոմյանը՝ ավելի ուշ իմացել են, որ լարվածությունը թուլացնելու համար պաշտոնյաները չեն գալու Եռաբլուր: Բայց եթե այդպես է, ապա ինչու սեպտեմբերի 21-ին, երբ զգուշացնում էին չմոտենալ շիրիմներին, 50 ծնողի առաջ 1000 ոստիկան էին բերել, հարցնում է նա:
«Օրական նոր փոսեր ենք տեսնում, գալիս են էդ նոր փոսերը տեսնեն, ուրախանա՞ն: Մենք բազմիցս ենք նշել, որ մեր տղաներին սպանել է Նիկոլն՝ իր այսօրվա ոհմակով: Մենք չենք ուզում, որ իրենք գան և այցելեն մեր տղաներին, որովհետև դա նրանց համար հաճույք է, ոչ թե հարգանքի տուրք մատուցել»,- ասաց Ռոստոմյանը:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է 44-օրյա պատերազմի 2-ամյակը: Եռաբլուրում գիշերն անցկացրած մի խումբ ծնողներ այսպիսով փորձում էին արգելել Եռաբլուր մուտքը պետական այրերին: Սակայն վարչապետը մեկնել է Ֆրանսիա, իսկ ավելի ուշ ԶԼՄ-ները գրեցին, որ քաղաքական վերնախավը չի գնա Եռաբլուր: