Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ Տանը տեղի է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ Այս մասին հայտնում էՀՀ ԱԽ-ն:
Կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը:
Ըստ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի, կողմերը քննարկել են հետագա բռնությունների կանխարգելման և ժամանակով սահմանափակ և կենտրոնացված բանակցությունների անցկացման կարևորությունը։ Նա նշել է նաև, որ հանդիպման ընթացքում նախանշվել են նաև կոնկրետ քայլեր՝ կայունությանն ու կայուն խաղաղությանն աջակցելու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: