Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպում առաջիկայում կարող է տեղի ունենալ Պրահայում կայանալիք քաղաքական հանրության գագաթնաժողովին, «Ազատության» հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով՝ «օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է»:
«Նման հանդիպում իրոք կարող է տեղի ունենալ, օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է: Մեր դիրքորոշումները այս առումով չեն փոխվել:
Ռուբինյանի խոսքով՝ հանդիպել են հուլիսին, երբ որ ձեռք բերվեց այն հայտնի պայմանավորվածությունը երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանների բացման և ուղիղ ավիաբեռնափոխադրումների հնարավորության ստեղծման: Իրականում սեպտեմբերի 14-ին՝ սահմանին պետք է տեղի ունենար հանդիպում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջև, որպեսզի քննարկվեր իմպլեմենտացիան այդ երկու քաղաքական պայմանավորվածությունների, բայց սեպտեմբերի 14-ին, ես հիշեցնեմ՝ դա ադրբեջանական հարձակման օրերին էին, թուրքական կողմի ցանկությամբ այդ հանդիպումն անժամկետ հետաձգվել է:
Ռուբինյանը, մեկնաբանելով վարչապետի խոսքը, որ դաշնակից երկրները զենք չեն մատակարարում, ասաց, որ բոլորին հայտնի է՝ որոնք են մեր դաշնակից պետությունները, և դա ընդամենը փաստի արձանագրում է:
Խոսելով Ռուսաստանի մասին Ռուբինյանն ասաց․ «Փաստ է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժում է տեղի ունեցել և ՀԱՊԿ-ը համապատասխան արձագանք չի տվել, համապատասխան արձանագրումներ չի արել, համապատասխան գործողություններ չի իրականացրել: Փաստը նա է, որ կա Հայաստան-Ռուսաստան 1997 թվականի պայմանագիր և նույնպես փաստ է, որ չի գործարկվել դա, ըստ էության, վերջին իրադարձությունների արդյունքում: Դա ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, մենք պետք է ի՞նչ անենք՝ արձանագրենք այս փաստերը, պետք է գնահատենք իրավիճակը և կայացնենք համապատասխան որոշումներ:
Ես ասում եմ՝ պետք է արձանագրենք այդ փաստը, որովհետև սա փաստ է, անհնար է ուղղակի չնկատել դա, և պետք է մենք ի վերջո գնահատենք մեր անվտանգային ճարտարապետությունը, որ մենք ունեցել ենք 30 տարի: Նկատի ունեմ անվտանգային միջազգային ճարտարապետությունը իրեն արդարացնո՞ւմ է, թե՞ ոչ, արդարացնելու շանս ունի՞, թե՞ ոչ, եթե՝ ոչ, արդյո՞ք մենք ունենք այս-այս ճանապարհները, թե՞ ոչ, և այս համատեքստում է պետք է հասկանալ՝ ինչպես շարժվել առաջ»:
Միևնույն ժամանակ Ռուբինյանը շեշտեց, որ շնորհակալ են մեր այն գործընկերներին, այդ թվում՝ արևմտյան, որոնք հստակ ֆիքսել են ադրբեջանական ագրեսիան ու ներխուժումը Հայաստանի տարածք, որոնք քաղաքական և դիվանագիտական ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինիս ծավալապաշտական նկրտումները զսպվեն: