«Հրապարակ» թերթը մանրամասներ է հայտնել սեպտեմբերի 28-ի երեկոյան խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ Նիկոլ Փաշինյանի փակ հանդիպման մասին, որին մասնակցել են նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Վարչապետը, ըստ հրապարակման, ներկայացրել է Հայաստանում տիրող իրական իրավիճակը և ուժային կենտրոնների դիրքորոշումը՝ հայտարարելով, որ իրավիճակը ծայրահեղ ծանր է։ Փաշինյանը հիասթափեցրել է խմբակցության արևմտամետ թևին, որի ներկայացուցիչները մեծ հույսեր էին կապում Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի հետ՝ հույսը դնելով Վաշինգտոնի արդյունավետ աջակցության վրա, որը թույլ կտա վերջնականապես լքել Ռուսաստանի ազդեցության գոտին և դուրս գալ ՀԱՊԿ-ից։
Փաշինյանն անկեղծացել է, նա ասել է, որ արևմտյան երկրները, և առաջին հերթին՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, չնայած Ադրբեջանի դեմ բավականին կոշտ հայտարարություններին, պատրաստ չեն նույն կտրուկ քայլերի Բաքվի դեմ, գրում է թերթը։ Հայաստանը, ըստ նրա, հիմնականում իր հույսերը կապել է զենքի մատակարարման և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հետ։ Պատժամիջոցների հույսերը չիրականացան, իսկ ԱՄՆ-ի՝ սպառազինությունների մատակարարման հեռանկարը բավականին անորոշ է․ «Եթե, լավագույն դեպքում, գործընթացը հաջողությամբ պսակվի, ապա դա երկարատև պրոցես է, իսկ ժամանակը մեր օգտին չի աշխատում»,- ասել է Փաշինյանը։
«Այդուհանդերձ, սա չի նշանակում, որ պետք է կրկին ինքնամոռաց նետվենք Ռուսաստանի գիրկը»,- ասել է Փաշինյանն ու հավելել, որ անհրաժեշտ է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարել և չվախենալ դրանից․ եթե պետք է, քննադատել ՌԴ-ին, եթե չօգնեն՝ Արևմուտքին։ Փաշինյանը նաև նշել է, որ չնայած ՀԱՊԿ-ի անգործությանը, Հայաստանի դուրս գալն այս կազմակերպությունից հղի է շատ լուրջ հետևանքներով»,- գրում է թերթը։
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Փաշինյանն ասել է՝ կողմերի դիրքորոշումը չի փոխվել, Արևմուտքը կրկին պահանջում է անհապաղ ստորագրել պայմանագիրը՝ հրաժարվելով Արցախից և ճանապարհների ապաշրջափակման մասին պայմանավորվածությամբ, իսկ «Մեղրիի միջանցք» կամ «ճանապարհ» կոչվածը կլինի հայկական վերահսկողության ներքո։ Ռուսաստանը հնարավորինս փորձում է ձգել պայմանագրի ստորագրումը, քանի որ դրանով կկորցնի Արցախում վերահսկողությունը։ Կամ էլ՝ եթե ստորագրվի, ապա պայմանագրում նշվի, որ Արցախի կարգավիճակի հարցը թողնվում է հետագա բանակցություններին, ինչին կտրականապես դեմ է Ադրբեջանը։
«Փաշինյանն իշխող խմբակցության պատգամավորներին հասկացրել է, որ ինքը դեմ առանց Արցախի տարբերակին, բայց, միևնույն ժամանակ, պայման է դրել արևմտյան գործընկերների առաջ՝ համաձայնագիրը կստորագրեմ միայն այն դեպքում, եթե ադրբեջանական զորքերը հեռանան Հայաստանի ինքնիշխան տարածքից»,- գրում է թերթը։