«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ իշխանությունները կամ ռազմական գերատեսչության ներկայացուցիչները խուսափում են հստակ ասել, թե սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողություններից հետո Հայաստանն այժմ ինչ տարածքային կորուստներ ունի, որքան մարտական դիրք ենք կորցրել կամ հետ վերադարձրել:
Օրաթերթը պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն հետեւյալ բովանդակությամբ. «Այս պահի դրությամբ խնդրում եմ տրամադրել հստակ տվյալներ կամ քարտեզ՝ ինչպիսի դիրքային առավելություններ ունի հակառակորդ կողմը, ինչպիսի առավելություններ ու կորուստներ ունի հայկական կողմը: Ինչքա՞ն հատվածներ է օկուպացրել ադրբեջանական կողմը հայկական տարածքներից»:
Ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունից հայտնել են ոչինչ չասող մի նախադասություն. «Ներկա պահին ընթանում են ճշգրտման, համադրման եւ վերլուծության անհրաժեշտ աշխատանքներ, որի արդյունքներով կներկայացվեն համապատասխան տեղեկություններ»: Այսինքն՝ 17 օր է անցել զինված ագրեսիայից, որն իրականացվեց Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, սակայն դեռ ՊՆ-ն վերլուծում է: Նշենք, որ նախօրեին Գեղարքունիքի մարզում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանին ՀՀ սահմանների վերաբերյալ հարց ուղղեց նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. Անն Լյույոն, սակայն Մարտիկյանը կրկին խուսափողական պատասխան տվեց: Հետաքրքիր է՝ ինչու է Պաշտպանության նախարարությունը թաքցնում իրականությունը»:
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու, խոշոր տրամաչափի զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ սկսել է գնդակոծել հայկական դիրքերն ու քաղաքացիական օբյեկտները Գորիսի, Սոթքի, Ջերմուկի և Սյունիքի, Գորիսի, Վայոց ձորի այլ բնակավայրերի ուղղությամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 10 քառ. հանրապետության կմ տարածք անցել Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողությանը: Վերջին տվյալներով՝ հայկական կողմից զոհվածների և անհետ կորածների թիվը 207 մարդ է։ Սեպտեմբերի 28-ին սահմանին ադրբեջանական սադրանքի արդյունքում ևս 3 հայ զինծառայող է զոհվել։
Ադրբեջանն իր կողմից հայտնել է 77 մահվան մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին՝ կապված Ադրբեջանի ագրեսիայի հետ։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան Երևանն ու Բաքուն միջազգային հանրության աջակցությամբ կարողացան պայմանավորվել զինադադարի շուրջ։