ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը նամակով դիմել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների իր գործընկերներին՝ ներկայացնելով Ադրբեջանի ԶՈւ վայրագությունները հայ զինծառայողների նկատմամբ։ Այս մասին հայտնում է հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը։
«Հայաստանը, ապացույցներ ներկայացնելով միջազգային հանրությանը, բազմիցս դիմել է միջազգային կառույցներին՝ ցույց տալով Ադրբեջանի իրականացրած վայրագությունները։ Երկու օր առաջ ամբողջ աշխարհը հերթական անգամ ականատես եղավ այս ոճրագործությանը, տեսնելով, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները դաժանաբար սպանում գերի ընկած և անզեն հայ զինծառայողներին։ Նշեմ, որ դա տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում»,- ասված է նամակում։
Քոչարյանը ՆԱՏՕ-ին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի գործողությունները.
Հոկտեմբերի 2-ին մի շարք Telegram ալիքներում և սոցիալական ցանցերում հրապարակվել է ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված մի խումբ հայ զինվորների մահապատժի տեսագրություն։ Հայաստանի ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը հայտնել է, որ գերիների մահապատիժը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ։ «Թաթոյան» հիմնադրամն իր հերթին հայտարարել է, որ հայ ռազմագերիների սպանությունը կատարել են ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի՝ ադրբեջանական նոր Կոմանդո ջոկատի զինծառայողները։