Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ հետաքննություն անցկացնեն տեսագրության վերաբերյալ, որտեղ երևում է ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունը:
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն, փոխանցում է ТАСС – ը։
«Մենք կոչ ենք անում անհապաղ հետաքննություն անցկացնել համապատասխան իշխանությունների կողմից։ Այդ տեսանյութի գործը, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մահապատժի ենթարկում հայ զինվորներին, պետք է հետաքննվի Ադրբեջանի իշխանությունների կողմից», – ասել է նա։
Ստանոյի խոսքով՝ եթե հետաքննության արդյունքները ցույց տան տեսանյութի իսկությունը, ապա «դա ռազմական հանցագործություն է և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում»: «Նման հանցագործությունը պետք է դատապարտվի», — հավելել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են ադրբեջանցիները գնդակահարում գերեվարված հայ զինվորներին։