«Փաստ» թերթի տեղեկություններով, երեկ Բրյուսել մեկնած ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ նախապես պլանավորված հանդիպումներից զատ, ԵՄ ներկայացուցիչներին է ներկայացնելու հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի ունեցած Արարատ Միրզոյան – Ջեյհուն Բայրամով հանդիպման մանրամասները, քննարկված հարցերի առանցքը։
Թերթի աղբյուրը նշում է, որ Գրիգորյանը եվրոպացիներին է ներկայացնելու նաև ներկայումս ընթացող սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի աշխատանքի ընթացքը։ Թերթի ԱԳՆ աղբյուրը փոխանցել է նաև, որ օրերս Երևանում գտնվող՝ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր այցի ընթացքում հայկական կողմին հորդորել է մինչև հոկտեմբերի վերջ ձեռքի տակ պատրաստ ունենալ «խաղաղության համաձայնագրի» վերջնական տարբերակը։ Թերթը տեղեկություններ ունի, որ հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագիրը» ստորագրվելու է Բրյուսելում նոյեմբերի առաջին տասնօրյակում։
Ի դեպ, թերթի աղբյուրը փոխանցում է նաև, որ այս հարցում պաշտոնական Մոսկվան արդեն տվել է իր դրական կարծիքը։ Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում Մոսկվայի համար ավելի կարևոր են սահմանազատման գործընթացը և կոմունիկացիաների շուրջ կոնկրետ բանակցությունները, քան տարածաշրջանում լարվածության խորացումը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի ունեցած Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները՝ պատասխանատվության ենթարկվեն։