Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պրահայում հնարավոր հանդիպման ժամանակ կարող են քննարկել «Զենգեզուրի միջանցքի» աշխատանքը, գրում է թուրքական Sabah թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Երկու երկրների ղեկավարները կարող են անդրադառնալ նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման խնդրին։ Մասնավորապես, ինչպես և սպասվում էր, Էրդողանը մտադիր է Փաշինյանին առաջարկել երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ հատուկ ներկայացուցիչների հանդիպումները Թուրքիայում և Հայաստանում, այլ ոչ թե երրորդ երկրների տարածքում։ Բացի այդ, Թուրքիայի ղեկավարը կարող է հանդես գալ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկներով։
Ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը չի բացառել Փաշինյանի և Էրդողանի հնարավոր հանդիպումը Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում։ Իսկ Sabah-ը հայտնել է, որ հանդիպումը կարող է կայանալ Չեխիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 6-ին: