Ադրբեջանը մտադիր է դեպի Նախիջևան գնացող, Հայաստանի կողմից չվերահսկվող «միջանցք» ստեղծել։ Այս մասին իրանական ILNA գործակալությանը հայտնել է Իրանի տարանցման և ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին։
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ ներկայիս իրավիճակը դժվար թե երկար տևի, ուստի Իրանը պետք է պատրաստ լինի ցանկացած իրավիճակի: «Ըստ ամենայնի, Ադրբեջանը ձգտում է Հայաստանի կողմից չվերահսկվող միջանցք ստանալ դեպի Նախիջևան առանց որևէ խոչընդոտի և երկարաժամկետ երաշխիքի, ինչպես նաև Կասպից ծովից Թուրքիա ուղիղ էներգետիկ տարանցիկ միջանցք ունենալ»,-պատմել է Հեդայաթին:
Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ Իրանի համար անընդունելի է տարածաշրջանում սահմանների փոփոխությունը, ինչպես նաև ընդգծել է, որ Իրան-Հայաստան սահմանը պետք է մնա անփոփոխ: