«Հրապարակ»-ը գրում է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից. «փոխգործակցության զարգացման նպատակով՝ պաշտոնական այցով» լինել Ռուսաստանում: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա կմեկնի հոկտեմբերի 9-ին:
Թերթի տեղեկություններով, հրավերի նպատակը վերջին շրջանում Հայաստանում ծավալվող իրադարձություններն են, հակառուսական ալիքի աճը եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունները։
«Արդյոք ՌԴ-ում փորձո՞ւմ են, ի դեմս Ալեն Սիմոնյանի, իշխանության իրավահաջորդ պատրաստել․ երեկ հարցրել են Սիմոնյանին։ Նա ասել է, թե այցը վաղուց էր պլանավորված` կապ չունի վերջին իրողությունների հետ, ապա տեղում հավատարմության երդում է տվել Փաշինյանին.
«Հայաստանի Հանրապետության համար կա մեկ ցանկալի վարչապետի թեկնածու, եւ իր համար քվեարկել են, ու ինքն այսօր զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, եւ ես ինձ առանց իմ այսօրվա ղեկավարի՝ քաղաքական ասպարեզում չեմ պատկերացնում այս պահի դրությամբ»։ Մենք կառչեցինք վերջին արտահայտությունից` իսկ հաջորդ պահի դրությա՞մբ։ «Հաջորդ պահին էլ՝ դժվար»,- ասաց նա»,- մեջբերում է թերթը։
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական հերթական էսկալացիայի ժամանակ ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից ռազմական օգնության ստանալու դիմումից մի քանի օր անց Հայաստանի իշխանությունները և քաղհասարակության մի հատվածը սկսել են բարձրաձայնել կառույցից դգժոհությունների մասին և մեղադրել Ռուսաստանի գլխավորած դաշինքին անգործության համար։
Իր հերթին ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ հայկական կողմը ռուս գործընկերներից ակնկալում է շատ ավելի շոշափելի քայլեր, ոչ թե կցկտուր, կիսատ խոսքերի, հայտարարությունների մակարդակով անդրադարձներ։