ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ու նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են Ուսուցչի օրը:
«Այս տարի ձեր մասնագիտական օրը դիմավորում ենք ուսուցչի աշխատանքի նկատմամբ պետական նոր վերաբերմունքի արձանագրված իրողությամբ: Ուսուցիչների կամավոր ատեստավորման նոր համակարգը, տարակարգի համակարգի բարեփոխումները մի բանի մասին են վկայում միայն, որ կառավարությունը ոչ միայն շնորհավորական ուղերձներով, այլև կոնկրետ գործով է ճանաչում ուսուցչի աշխատանքի անկյունաքարային բնույթը»,- գրել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ եթե պետությունը ցանկանում է կայանալ, պետք է նախ դպրոցը կայացնի և ուժեղացնի դպրոցի հենասյունը հանդիսացող ուսուցչին:
«Ինչպես կառավարության վերջին նիստերից մեկում ասացի՝ ուսուցչի աշխատանքը պետք է դառնա ամենաբարձր վճարվողներից՝ առնվազն պետական համակարգում: Եվ ուսուցիչ՝ պիտի նշանակի ոչ միայն բարձր աշխատավարձ ստացող, այլև բարձր որակավորում ունեցող»հիշեցևել է վարչապետը:
Իր հերթին ՀՀ նախագահը գրում է, որ որևէ ժամանակաշրջանում կամ որևէ հասարակության մեջ անհնար է գերագնահատել ուսուցչի դերը հանրային գիտակցության ձևավորման, կրթության ու զարգացման գործում, քանզի ուսուցիչը զուտ մասնագիտություն կամ աշխատանքի տեսակ չէ, այլ կոչում և անմնացորդ նվիրում, շարունակական ջանք ու կատարելագործում:
«Այսօր, մեր երկրի համար վճռորոշ ժամանակաշրջանում բազմակի անգամ մեծ պատասխանատվություն է դրված ձեր ուսերին, որովհետև այսօր առավել քան երբևէ մենք կարիք ունենք լինել ուժեղ՝ մտքով, գիտելիքով և կրթությամբ և դուք՝ այդ ամենը փոխանցելու ձեր կարողությամբ և հմտությամբ, մեր զավակների, թոռների ու սերունդների բարեկեցության, անվտանգության, մեր երկրի հզորության կերտողն եք»,- նշել է Խաչատուրյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 5-ին Հայաստանում նշվում է Ուսուցչի մասնագիտական տոնը: